Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը դատապարտել է պետական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ ինքն, իբր, գովել է երկրի շրջաններից մեկում ժողովրդավարության զարգացումը, որը հայտնի է առավել շատ չարաշահումներով: Այս մասին հաղորդում է «The Washington Times»-ը:
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը նախորդ շաբաթ հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ մեղադրելով պետական լրատվամիջոցներին՝ Մորնինգսթարի հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը Նախիջեւան կատարած այցելության մասին տեղեկությունը խեղաթյուրելու մեջ:
«Դեսպանը Նախիջեւան կատարած այցելության ժամանակ չի ասել, թե բարձր է գնահատում ժողովրդավարության զարգացումը եւ հակառակի մասին ցանկացած տեղեկություն չի համապատասխանում իրականությանը:
Իրականում, Մորնինգսթարն օգտագործել է այդ այցելությունը, որպեսզի ընդգծի Նախիջեւանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ցածր մակարդակը եւ ուշադրություն է դարձրել իրավապաշտպան Մալահաթ Նասիբովայի հետ հանդիպմանը»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ:
«Դեսպան Մորնինգսթարն իր այցի ժամանակ հանդիպել է մի շարք առաջատար կառավարական եւ հասարակական դեմքերի, այդ թվում իրավապաշտպան Մալահաթ Նասիբովայի հետ, որի գրասենյակ նա այցելել է որպես աջակցության նշան: Դեսպան Մորնինգսթարը նաեւ հրապարակավ կոչ է արել բաց երկխոսություն սկսել տեղի իշխանությունների եւ իրավապաշտպանների միջեւ, ինչպիսին տիկին տիկին Նասիբովան է»,-ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ում գործող «Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Էլմար Շահթահթինսկին ասել է, որ ինքը կասկածում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեսպանի այցն օգտագործել է քարոզչական նպատակներով՝ իր կառավարության իմիջը բարելավելու համար, որը ԱՄՆ պետքարտուղարության կարծիքով վատ համբավ ունի մարդու իրավունքների ոլորտում:
«Ալիեւի ռեժիմը հայտնի է իր ոչ քաղաքակիրթ քարոզչությամբ եւ հիմա, նրանք, ամենայն հավանականությամբ, օգտագործում են ԱՄՆ դեսպանին իրենց քարոզչության համար»,-ասել է Շահթահթինսկին:





























