Աբխազիայով երկաթուղային երթեւեկության, այդ թվում՝1992թ.-ից չգործող աբխազական երկաթուղու աշխատանքի վերսկսման հարցը հանվել է օրակարգից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
«Թեման անմիջապես փակվել է այն բանից հետո, երբ աբխազական կողմը հետաքրքրվածություն չի ցուցաբերել», - ասել է նախարարը:
Զաքարեիշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային կապը՝ «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակում:
Սուխումը կարծում է, որ առաջարկը «քաղաքական ենթատեքստ» ունի եւ որ «Աբխազիայի ապամեկուսացման» տակ վրացի փախստականներին հանրապետություն վերադարձնելու Թբիլիսիի ձգտումն է:
Նախկինում Սուխումը հայտարարել էր, որ 300 կմ-անոց հատվածը լիովին վերականգնելու համար ավելի քան 1,8 մլրդ ռուբլի կպահանջվի, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի հետ Վրաստանի երկաթուղային կապն ընդհատվել էր 1992-1993թթ. հակամարտությունից հետո:





























