Վերջին երկու տարում Թուրքիայի Վան քաղաքի գործարարների ջանքերն՝ ուղղված Վանի եւ Երեւանի միջեւ ուղիղ չվերթ բացելուն, հաջողությամբ են պսակվել: Դրա շնորհիվ մաքոքային առեւտրի կենտրոնը կարող է Ստամբուլից տեղափոխվել Թուրքիայի արեւելյան նահանգներ, ինչպես նաեւ մեծացնել տեղի զբոսաշրջության եկամուտները: Այս մասին հաղորդում է թուրքական «Hürriyet Daily News»-ը:

Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի (VATSO) անդամ, գործարար Այհան Ֆիդանի խոսքով,  ավարտվել է իրավական ընթացակարգերը, որոնք վերաբերում են ավիացիոն կանոններին, իսկ օդանավը կվարձակալվի տեղի ընկերությունից:

«Թեեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ցամաքային սահմանը փակ է, սակայն օդային հաղորդակցությունն ազատ է: Դա վառ կոնտրաստ է: Մենք ցանկանում ենք, որպեսզի սահմանի դարպասները բացվեն»,-ասել է Ֆիդանը:

«Վանի եւ Երեւանի միջեւ տարածությունը ցամաքով կազմում է 230 կմ: Կարելի էր այդ տարածքն անցնել մեքենայով, եթե սահմանը բաց լիներ: Այժմ ստիպված եք այդ տարածքը օդանավով անցնել: Թռիչքը կտեւի 25 րոպե: Նրա խոսքով, Վանում, ընդհանուր առմամբ, շուրջ 30 տուրիստական ընկերությունների տուրփաթեթներ են պատրաստել, որոնք կաջակցեն Վան-Երեւան եւ Երեւան-Վան չվերթներին: