Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը մինչեւ ուրբաթ նամակ կուղարկի ԱԺ նախագահին, որպեսզի արտահերթ կարգով օրակարգ մտցվի 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը:
Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին խորհրդարանի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ չնայած որ խորհրդարանի առաջիկա նիստում առաջարկը կքննարկվի, իրենք ցանկանում են օր առաջ հարցն օրակարգում ընդգրկել. «Պետք է կարողանանք վերականգնել պետական կառույցների հանդեպ ժողովրդի վստահությունը, որը կորել է 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո: Լավագույնը, որ կարող ենք այդ ուղղությամբ ձեռնարկել, այդ հանձնաժողովի ստեղծումն է: Եվ եթե խորհրդարանական մեծամասնությունն ընդառաջ գնա, կապացուցի, որ ժողովրդի վստահությունը վերականգնելու ցանկություն կա»:





























