Չորս նույնասեռական մեղադրում են Նյու Ջերսիի կազմակերպություններից մեկին խարդախության մեջ` հայտարարելով, որ վերջինս ճիշտ կողմնորոշման վերադարձնելու խոստումներով «վերափոխման թերապիա» է վաճառում, գրում է «The Times of Israel»-ը` վկայակոչելով «Associated Press»-ին:
Մանհեթենում հրավիրած ասուլիսի ժամանակ նրանք հայտարարել են, որ իրենք ստորացումների են ենթարկվել: Բոլոր չորսը մասնակցել են Ջերսի Սիթիում «Հրեաներն առաջարկում են բուժման նոր այլընտրանք» (JONAH) կազմակերպության սեանսներին: Ոչ առեւտրային կազմակերպությունը գովազդվում է եվրոպական պարբերականներում եւ հայտարարում, որ կարող է տղամարդկանց ձերբազատել նույն սեռի նկատմամբ հակումից:
Տղամարդիկ իրենց հայցում նշել են, թե կազմակերպության մեթոդները չեն աշխատում, եւ Նյու Ջերսիում գործող օրենսդրության համաձայն չպետք է առաջարկվեն: Նրանք հայտարարել են, որ հայցը ներկայացրել են երեքշաբթի, սակայն պաշտոնյաները չեն կարողացել հաստատել դրա ստացումը:
Ըստ հայցվորների` JONAH-ում իրենց ասել են, որ «հոմոսեքսուալ կողմնորոշումը հոգեկան խանգարում է, եւ նույնասեռականները պետք է վերափոխվեն ու ճիշտ կողմնորոշում ձեռք բերեն` լիարժեք կյանքով ապրելու համար»: Եւ եթե «վերափոխման թերապիան» արդյունք չի տալիս, մեղավոր են հենց հաճախորդները:





























