Վրաստանի սահմանին հայկական բեռների կուտակում չի նկատվում: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ասաց Հայաստանի բեռնափոխադրումների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ Վրաստանի մաքսային ծառայությունը բաց չի թողնում հայկական բեռները, նշելով, որ փաստաթղթերում արձանագրված բեռը չի համապատասխանում իրական բեռին: Նման խախտման համար տուգանքը Վրաստանում կազմում է հազար դոլար:

Ըստ Առաքելյանի, նման պատիժ իսկապես նախատեսվում է, սակայն մինչեւ վերջերս բեռնատարները նման խստությամբ չէին ստուգվում: «Ընթացակարգի համաձայն, սկզբում կշռում են բեռնատարը, որի քաշից հանում են դատարկ մեքենայի քաշը, որպեսզի պարզեն բեռի քաշը: Եթե այդ ցուցանիշը համապատասխանում է փաստաթղթերում նշված քաշին, բեռնատարն անցնում է սահմանը: Հիմա պարզապես մի փոքր խստացրել են այդ ընթացակարգը, ոչ ավելին»,-պարզաբանել է Առաքելյանը, հավելելով, որ տուգանքի խնդիր է առաջանում միայն այն ժամանակ, երբ բեռի իրական եւ փաստաթղթերում գրանցված քաշերի տարբերությունը չափից դուրս տարբեր է լինում՝ ասենք 500-1000 կգ: