Հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակման հարցն արդեն լուծված է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ` մեկնաբանելով սահմանին ստեղծված իրավիճակը:
Բալայանի խոսքով, այս պահին մնացել է երեք բեռնատար, որոնք ձեւակերպում են փաստաթղթերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հայ-վրացական սահմանին բեռնատարների կուտակում էր եղել փաստաթղթային խնդիրների պատճառով:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, երեկ վաղ առավոտից Վրաստան մտնող մեր բեռնատարների համար լուրջ խնդիրներ են ծագել: «Վրացական մաքսավորները, պատճառաբանելով հայտարարագրված քաշի եւ իրական քաշի տարբերությունը, որը շատ դեպքերում կազմում է ընդամենը 30 կիլոգրամ, ստիպում են ավելի քան հազար դոլար տուգանք վճարել: Ըստ որոշ տեղեկությունների, երեկ երեկոյան մոտ 50 բեռնատար է կուտակվել մաքսակետում:
«Արդեն խոսակցություններ են շրջում, թե սա վրացական նոր իշխանությունների կայացրած ոչ հրապարակային քաղաքական որոշման հետեւանք է, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները պաշտպանել են Միխայիլ Սահակաշվիլիին: Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, թերեւս, պարզ կդառնա առաջիկայում»,- գրել էր «Հայկական ժամանակը»:




























