Վրաստանի կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք սահմանափակում են երկրի նախագահի լիազորությունները: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ նախագահն այլեւս չի կարող թեկնածուներ ներկայացնել Գլխավոր դատախազի եւ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարի պաշտոնների համար:

Կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին նշել է, որ այդ փոփոխությունները կատարվում են կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու շրջանակներում: Նրա խոսքով, Վրաստանի գլխավոր դատախազի թեկնածությունը նախագահի փոխարեն կներկայացնի արդարադատության նախարարը, իսկ կնշանակի՝ վարչապետը խորհրդարանի համաձայնությամբ:

«Բացի այդ, մեր օրինագիծը նախատեսում է, որ ես չեմ կարող լինել գլխավոր դատախազ, հետեւաբար չեմ կարող ունենալ վերահսկողության գործառույթներ»,-նշել է Ծուլուկիանին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: