Մոսկվայում Բուդովի կայարանում նոյեմբերի 22-ին, ժամը 23.27-ին սպանված 26-ամյա Թելման Զաքարյանի դանակահարողին դեռ չեն հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա ազգականը` Արտաշ Պետրոսյանը:
«Դեռ փնտրում են եւ մատնահետքեր են վերցնում»,- ասաց Արտաշ Պետրոսյանը: Նրա խոսքով, Թելման Զաքարյանի սպանությունից առաջ այդ թաղամասում նմանատիպ եւս մի քանի սպանություններ են եղել: Հետեւաբար` համոզված է, որ սպանությունը ազգայնական հողի վրա չի եղել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայում նոյեմբերի 22-ին, ժամը 23.27-ի սահմաններում, սպանվել է 26-ամյա Թելման Զաքարյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա ազգականը` Արտաշ Պետրոսյան: Նրա ներկայացմամբ, այդ ժամին Թելմանը ուղեւորի է տեղափոխել, սակայն վճարման շուրջ վիճաբանություն է առաջացել եւ ուղեւորը դանակահարել է Թելմանին:
«Ընտանիքի անդամները երկար ժամանակ զանգահարել են նրան, սակայն նրա հեռախոսը չի պատասխանել, իսկ ավելի ուշ ոստիկաններն են հեռախոսազանգին պատասխանել եւ տեղեկացրել կատարվածի մասին»,- նշեց Արտաշ Պետրոսյանը: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն դանակահարողը դեռ չի հայտնաբերվել: 7 տարի է, ինչ Թելմանի ընտանիքը Հայաստանից տեղափոխվել է Մոսկվա: Վերջինս ամուսնացած չի եղել, ընտանիքում երկու եղբայր են:





























