Սաուդյան Արաբիայի դիվանագետը եւ նրա թիկնապահը սպանվել են Եմենի մայրաքաղաք Սանայում: Եմենի ոստիկանության տվյալներով, հարձակվողները կրակ են բացել դիվանագետի մեքենայի ուղղությամբ:

Հարձակվողները եղել են երկրի անվտանգության ծառայությունների աշխատակիցների համազգեստով, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ն:

Reuters-ի փոխանցմամբ, դիվանագետը զբաղեցրել է ռազմական կցորդի օգնականի պաշտոնը: Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել է իրենց աշխատակցի մահվան լուրը:

Ըստ Lenta.ru-ի, դեռեւս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը:  Վերջին մի քանի ամիսներին Սանայում մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց զոհ են գնացել Եմենի իրավապահ համակարգի աշխատակիցները: Միջադեպերի մեծ մասի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ Կաիդիան Արաբական թերակղզում» ահաբեկչական խմբավորումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին դիմակավորված մարդը գնդակահարել է ԱՄՆ դեսպանատան աշխատակցին՝ աշխատանքի գնալու ճանապարհին: