Հայերը հսկայական ներդրում ունեն Ուկրաինայում տարբեր ոլորտների զարգացման գործում: Այս մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի ինովացիոն տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ուդոդը:

«Հայերը մեր պետության տարածքում ապրում են հնագույն ժամանակներից, որի մասին են վկայում ճարտարապետական եւ պատմական տեսարժան վայրերը, մասնավորապես, Լվովում, Ղրիմում, Կիեւում: Հայերն ինտեգրվելով հասարակությանը, պահպանել են իրենց ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը, ավանդույթներն ու սովորությունները: Ներկայումս Ուկրաինայում ապրում են 100 հազարավոր հայեր: Կարող են վստահորեն ասել, որ Ուկրաինան ստեղծում է բոլոր հնարավորությունները տարբեր ազգերի ներկայացուցիչ իր քաղաքացիների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու համար:

Երկրի կրթության եւ գիտության, երիտասարդության եւ սպորտի նախարարությունը առաջարկել է ուսումնական ծրագրեր՝ «Հայոց լեզու 1-4-րդ դասարանների համար» եւ «Հայոց լեզու 5-9-րդ դասարանների համար»: Այս ծրագրերը կգործեն հայկական դպրոցներում, որոնք նախատեսվում է բացել առաջիկայում:

Ներկայումս Ուկրաինայի դպրոցներում հայոց լեզու է ուսումնասիրում ավելի քան 130 աշակերտ, իսկ մշակութային կրթական կենտրոններում՝ 564 աշակերտ: Բացի այդ, գործում են նաեւ շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցներ, տարբեր արտադպրոցական հաստատություններ, որտեղ հայոց լեզվից բացի, ուսումնասիրում են նաեւ հայոց պատմություն եւ հայ ազգի մշակույթ: