Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով մի քանի սիրիահայեր անցել են Լիբանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Նրա խոսքով, սիրիահայերն, առաջին հերթին, ժամանում են Լիբանան, որտեղից կարող են առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Սիրիա:

«Սիրիահայերի մի մասն ապրում է հարազատների տանը, մյուսները բնակարաններ են վարձում, որոշներն արդեն աշխատանք են գտել: Հայտնի է, որ ռազմական գործողություններով պայմանավորված չկազմակերպված արտագաղթն ոչ հաճելի հետեւանքներ ունի, սակայն սիրիահայերի հետ կապված Լիբանանում խնդիրներ չկան, քանի որ մեծամասնությունը լուծել է աշխատանքի տեղավորման հարցը»,-ասել է Քանդահարյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Լիբանանի հայ համայնքը, հոգեւորականությունը եւ հասարակական կազմակերպություններն արել են հնարավորը օգնության համար իրենց դիմող սիրիահայերի համար: Լիբանանում հարազատներ ունենալու հանգամանքը շատ է օգնում սիրիահայերին աշխատանքի տեղավորման հարցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիրիայում շուրջ 60-70 հազար հայ է ապրում: Նրանց մեծ մասն ապրում է Հալեպում, մնացածը ցրված են Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասաքե, Յաքուբիա, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ, իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում: