Հայկական պատվիրակությունը մտադիր է մասնակցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին եւ արդեն նոյեմբերի 20-ին նամակ է հղել ՍԾՏՀԿ նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովին: Նամակում նշվել է, որ նստաշրջանին մասնակցելու համար հայկական կողմը ընդունող կողմից (Ադրբեջանից) խնդրում է ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԺ պատգամավոր, ՍԾՏՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, Բաքվից ոչ մի պատասխան չի ստացվել եւ իրենք նոյեմբերի 24-ին դիմել են ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարին (նա կազմակերպության նիստի կազմակերպման նպատակով գտնվել է Բաքվում), խնդրելով պարզել, թե երբ պատասխան կստացվի Բաքվից: Հայտնի է դարձել, որ լավագույն դեպքում ադրբեջանական կողմի պատասխանը կստացվի երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ին, այսինքն արդեն նստաշրջանն սկսելուց հետո:

«Սա վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմն արել է ամեն հնարավորը, որպեսզի հայկական պատվիրակությունը ներկա չլինի ՍԾՏՀԿ ԽՎ նստաշրջանին: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե հայկական կողմը անվտանգության երաշխիքներ չի տվել ադրբեջանական պատվիրակությանը ՍԾՏՀԿ ԽՎ-ի 39-րդ նստաշրջանին, որը կայացել է Երեւանում, ապա դրա անհրաժեշտությունը չի եղել: Ադրբեջանցիներին Հայաստանում ոչինչ չէր սպառնում, քանի որ մենք հակաադրբեջանական քարոզչություն չենք վարում, մինչդեռ Ադրբեջանում մանկապարտեզից սկսած ատելություն են սերմանում հայերի նկատմամբ»,-ընդգծել է Գ. Մինասյանը:

Անդրադառնալով ՍԾՏՀԿ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասեֆ Հաջիեւի հայտարարությանը, ըստ որի մեկ շաբաթ առաջ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանը Բաքվում մասնակցել է Ասիական քաղաքական կուսակցությունների ֆորումին եւ նրան անվտանգության երաշխիքներ չեն տրվել, Մինասյանը նկատել է, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկայումս ադրբեջանական կողմը հետաքննություն է վարում այն պաշտոնյաների հանդեպ, ովքեր անվտանգության երաշխիքներ են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Պատգամավորի խոսքով, ստեղծված իրավիճակը Ադրբեջանի՝ որպես ՍԾՏՀԿ-ում նախագահող երկրի, անպատասխանատու վերաբերմունքի վառ դրսեւորում է:

Նշենք, որ ՍԾՏՀԿ ԽՎ 40-րդ նստաշրջանը մեկնարկել է Բաքվում: