Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ընդունել է նոյեմբերի 27-29-ին պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ՌԴ պետական գործակալության ներկայացուցչության բացման հարցը, որը կլինի «Ռոսգրանիցա»-յի առաջին ներկայացուցչությունը: Պարոն Բեզդելովը խոսել է իր ղեկավարած կառույցի գործունեության ռազմավարական նպատակների եւ գործառույթների մասին: Նա նաեւ մանրամասներ է ներկայացրել այսօր պետական սահմանի տեղամասեր կատարած այցի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է, որ ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը կնպաստի սահմանային ենթակառուցվածքների եւ անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է գործակալության ներկայացուցչության բացման հարցում եւ պատրաստ է աջակցել վերջինիս` իր առաքելության իրականացման գործում:





























