Եգիպտոսում, որտեղ չեն հանդարտվում երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիի սահմանադրական հայտարարագրի դեմ ժողովրդական բողոքները, շտապ ընթացակարգով պատրաստվում է նոր Սահմանադրության նախագիծ: Փաստաթղթի պատրաստման հանձնաժողովի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ այն կարող է քվեարկության ներկայացվել արդեն նոյեմբերի 29-ին: Ճիշտ է, նախագիծը դեռեւս պետք է արժանանա նախագահ Մուրսիի հավանությանը:
«Փարավոնի» հակառակորդները պնդում են, որ եթե նոր Սահմանադրության հոդվածների մեծամասնությունը պաշտպանի «Մահմեդական եղբայրների» շահերը, ապա դա միայն կբարդացնի իրավիճակը: Մուրսիի կողմնակիցներն էլ ասում են, որ վերջինս մտադիր է կանգնեցնել քաղաքական աճող ճգնաժամը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Lenta.ru-ն հայտնում է, որ Եգիպտոսի գերագույն դատարանները դադարեցրել են աշխատանքը՝ ի նշան Մուրսիի հրամանագրերի դեմ բողոքի։
Գործադուլին իրենց մասնակցության մասին հայտարարել են Եգիպտոսի Վճռաբեկ եւ Բողոքարկիչ դատարանները, այն կշարունակվի այնքան, մինչեւ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի Մուրսիի հրամանագրերի վերաբերյալ: Գործադուլներին մասնկացում է նաեւ Սահմանադրական գերագույն դատարանը:
Եգիպտական հասարակության երկպառակությունը մեկնաբանել է նաեւ պետության նախկին ղեկավար Հոսնի Մուբարաքը: Նա բնավ էլ զարմացած չէ երկրի վերջին իրադարձություններից, քանի որ նախապես զգուշացրել էր, գրում է «Կոմերսանտը»:




























