Իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ ուղղակի բանակցությունները Մերձավոր Արեւելքում «տեւական խաղաղության հասնելու միակ միջոցն են»: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: 

Քլինթոնը քննադատել է Իսրայելի հետ «բանակցություններից դուրս, ՄԱԿ-ի շրջանակում իր կարգավիճակը բարձրացնելու» պաղեստինյան կողմի ձգտումը: «Հարցի լուծման ուղին Երուսաղեմի եւ Ռամալահի միջով է անցնում, այլ ոչ թե Նյու Յորքով», - նշել է պետքատուղարը՝ նկատի ունենալով այն, որ  ՄԱԿ-ի գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: Ըստ նրա`  «անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա ՄԱԿ-ում, դա չի հանգեցնի այն արդյունքին, որին ձգտում են ԱՄՆ-ի կառավարությունը եւ նախագահը» , հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը ավանդական ճեպազրույցում հայտնել է, որ դեմ է  ՄԱԿ-ում Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելուն:  Ըստ նրա` ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել, գրում է «Ռոսբալտը»:

Նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում քննարկվելու է Պաղեստինին դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ է ստանալ ԳԱ-ի աշխատանքներին մասնակից 193 երկրների պարզ մեծամասնության ձայները։
Պաղեստինի կարգավիճակի բարձրացմանը կողմ են Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Դեմ է արտահայտվել Գերմանիան: