Եգիպտական դատարանը հեռակա կարգով մահվան է դատապարտել «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հեղինակներին: Եգիպտոսի դատախազությունը մեղավորներին բռնելու եւ արտահանձնելու խնդրանքով դիմել է Ինտերպոլ եւ ամերիկյան իշխանություններին:
Rbc-ն, CNN-ին վկայակոչելով հայտնում է, որ մեղադրյալների թվում է ֆիլմի պրոդյուսեր Մարկ Բասելի Յուսեֆը՝ Եգիպտոսի 55-ամյա բնակիչ, այժմ՝ ԱՄՆ-ի քաղաքացի:
Եգիպտական դատարանը մահվան է դատապարտել նաեւ ամերիկացի հոգեւորական Թերի Ջոնսին, որը հրապարակավ ղուրան էր այրել: Ջոնսը ֆիլմի նկարահանմանը չի մասնակցել, բայց դրա հանրահայտ դառնալուց հետո ակտիվ մասնակցել է պրոդյուսերական աշխատանքներին, գրում է utro.ru-ն:
Սեպտեմբերի սկզբին հայտնված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը մահմեդական երկրներում բողոքի զանգվածային ցույցերի պապտճառ էր դարձել: Դրանց հետեւանքով ավելի քան 50 մարդ էր զոհվել, այդ թվում՝ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը:
YouTube կայքը, որտեղ տեղադրվել է ֆիլմը, արգելափակված է Պակիստանում, Աֆղանստանում, Բանգլադեշում, Սուդանում: Ֆիլմի հասանելիությունը փակ է Հնդկաստանում, Եգիպտոսում, Լիբիայում, Մալայզիայում: Իրանում ի նշան բողոքի արգելափակել են Google որոնիչը եւ Gmail փոստը: Ռուսաստանում ֆիլմը ճանաչվել է ծայրահեղական եւ դրա ցուցադրումն արգելված է:




























