Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Sahara ընկերության ղեկավար Սուբրաթա Ռոյը, 575 մլն դոլարով գնել է Նյու Յորքի կենտրոնի պատմական Plaza հյուրանոցի մի մասը: Այժմ հյուրանոցի բաժնետոմսերի 75% -ը նրան են պատկանում, մնացած 25% -ը՝ Սաուդյան Արաբիայի արքայազն  Ալ Վալիդ Բեն Թալալին:

2008թ. երեք տարվա վերանորոգումից հետո հյուրանոցը վերաբացվել էր:  Այն ունի  282 համար եւ եւս մի քանի էլիտար բնակարան: Հյուրանոցային համարի արժեքը մեկ գիշերվա համար սկսվում 1000 դոլարից, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Plaza-ն բացվել է 1907թ. հոկտեմբերի 1-ին: Այստեղ իջեւանել են թագավորական ընտանիքների անդամներ, նախագահներ, համաշխարհային «աստղեր»: 

Այս շաբաթ Ռոյը նյույորքյան մեկ այլ էլիտար հյուրանոց էր գնել՝ Dream-ը, որը տեղակայված է Մանհեթենի այսպես կոչված թատերական թաղամասում՝  Բրոդվեյի մոտակայքում: Ըստ լրատվամիջոցների՝ գործարքի արժեքը 220 մլն դոլար է եղել: