Վրաստանի պաշտպանության նախարարության լրտեսության մեջ մեղադրվող նախկին սպա, գնդապետ Սերգո Թեթրաձեի մահը բռնի է եղել, հայտնել է երկրի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին:
Սերգո Թեթրաձեն 2011թ. սեպտեմբերի 19-ին ձերբակալվել եւ նախնական կալանքի էր ենթարկվել: Նույն օրը մահացել էր №18 բուժհաստատությունում, որտեղ տեղափոխվել էր Գլդանի №8 բանտից: Ըստ պաշտոնական վարկածի՝ մահվան պատճառը սիրտ-անոթային անբավարարությունը եւ սրտի իշեմիկ հիվանդությունն էին եղել:
Արչիլ Քբիլաշվիլին հայտնել է, որ նոյեմբերի 14-ին դատախազությունը վերսկսել էր Թեթրաձեի մահվան հանգամանքների քննությունը եւ պարզել, որ 2011-ի տվյալները սխալ են, գրում է «Նովոստի Գռուզիան»:
Նրա խոսքով, վկաներից մեկը՝ Գլդանի №8 բանտի նախկին աշխատակիցը, հայտնել է, որ ռեժիմի եւ բանտի անվտանգության ծառայության պետերի հրահանգով ինքն ու մեկ այլ բանտարկյալ Սիսաուրին ծեծել են Թեթրաձեին:
«Նրան 20 րոպե ծեծել են առանձնակի դաժանությամբ, բռնության ենթարկել , տանջել, ինչի հետեւանքով բանտարկյալը կորցրել է գիտակցությունը եւ կես ժամ անց մահացել», - ասել է Քբիլաշվիլին:





























