Ռուսաստանը պատրաստ է երկխոսել Վրաստանի նոր ղեկավարության հետ, բայց միայն առկա աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով։ Այսպիսի դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։

Մեդվեդեւը մեկ անգամ եւս շեշտել է, որ պատրաստ չէ բանակցել միայն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ։ «Նա սկսել է պատերազմ, հանցագործություն է կատարել։ Ներկա վարչապետը արդեն քաղաքական գործիչների այլ սերունդ է։ Տեսնենք նրա իրական գործողությունները։ Այնտեղից որոշակի ազդանշաններ են գալիս հարաբերությունները կարգավորելու մասին։ Հիշեցնեմ, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզել է Վրաստանը, ոչ թե Ռուսաստանը։ Ոչ մի վատ բան չեմ տեսնում հումանիտար համագործակցությունը վերականգնելու մեջ։ Ռուսաստանը միշտ ասել է, որ պատրաստ է երկխոսել Վրաստանի նոր ղեկավարության հետ։ Բայց իհարկե հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու մասին որոշումները, որոնք ընդունել է Ռուսաստանը»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։