Գաբրիել Պողոսյանը չի ղեկավարի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Բնապահպանության նախարարությունից:

Նոյեմբերի 28-ին լրացավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում:

«ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է նաեւ Գաբրիել Պողոսյանը: Նախարարը եւս մեկ անգամ կարեւորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաեւ թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները եւ տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:Նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր, առավել եւս քան երբեւիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես նաեւ հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում:

Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին:

Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը»,- հայտնեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Գաբրիել Պողոսյանը, որը հայտնի է «Նոնո» մականվամբ։  Ըստ շրջանառվող տեղեկությունների` վերջինս բարձրագույն կրթություն չունի, ավարտել է միայն միջնակարգ դպրոցը։ Մինչդեռ հայտարարված մրցույթի պահանջների մեջ պարտադիր պայման է եղել բարձրագույն կրթության եւ համապատասխան դիպլոմի առկայությունը։ Լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Նոնոն այդ պաշտոնին նշանակվելու է եւ մրցույթում հաղթել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ։ «Նոնոն եղել է ԱԺ նախագահի եւ նրա եղբոր՝ Ջոնիկի մտերիմը։ Ասում են, որ նա պարբերաբար որսամիս է մատակարարել Աբրահամյաններին։ Բացի այդ, Նոնոն Աբրահամյանների շնորհիվ եղել է Արտաշատի ավագանու անդամ»,- գրել էր «Ժամանակը»։