Հարավային Կովկասի երեք պետություններն էլ շատ կարեւոր են Իսրայելի համար։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իսրայելի նախկին դեսպան Բեն Ներիա Բարուխը Երեւանում մեկնարկած «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումում։

«Յուրաքանչյուր կողմի շահերի հարց է Հայաստանի հետ նույն մակարդակի հարաբերություններ զարգացնելը, ինչ Ադրբեջանի հետ։ Մենք զարգացնում ենք հարաբերություններն Ադրբեջանի հետ, քանի որ այդ չափավոր մուսուլմանական երկիրը շատ կարեւոր է մեզ համար։ Ամբողջ իսլամական աշխարհը եռում է եւ ապրում է ծանր ժամանակներ։ Ադրբեջանը նաեւ էներգիայի աղբյուր է։ Իսրայելը մեկուսացված է եւ պետք է նավթ գնի ամբողջ աշխարհից։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը մեզ համար շատ կարեւոր է։ Բացի այդ Ադրբեջանի հետ մենք համագործակցում ենք արդյունաբերության տեխնոլոգիաների մակարդակով»,- պատմել է դիվանագետը Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին։

Դեսպանը նշել է, որ Իսրայելի համար շատ կարեւոր է նաեւ հարաբերություններ զարգացնելը Հայաստանի հետ, բայց «տանգոյի համար անհրաժեշտ է երկու կողմ»։

«Ինչքան ես եմ հասկանում, Հայաստանն ունի իր հաշվարկները։ Բայց վերջին շրջանում ձեռնարկվում են հարաբերությունները զարգացնելուն ուղղված լուրջ փորձեր»,- ասել է Հայաստանում Իսրայելի առաջին դեսպանը։

Խոսելով Երեւանում դեսպանատուն բացելու մասին՝ Բեն Ներիա Բարուխը նկատել է, որ դա բավական բարդ տնտեսական հարց է՝ հիշեցնելով, որ Հայաստանի դեսպանությունը Թբիլիսիից տեղափոխվել է Երուսաղեմ տնտեսական նկատառումներով։

«Հուսով եմ՝ հարաբերությունները կզարգանան եւ կհասնեն նախատեսած մակարդակին, եւ դա կդառնա իրականություն»,- ասել է դեսպանը։

Խոսելով այն բանի մասին, թե կոնկրետ ինչն է խոչընդոտում Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունների զարգացմանը՝ նա նշել է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ Իրանի հետ հարաբերությունները։

«Մենք շատ լարված հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Իրանը միշտ սպառնացել է ոչնչացնել Իսրայելը։ Դա հասարակ հարց չէ»,- ասել է դիվանագետը՝ ավելացնելով, որ այդուամենայնիվ Իսրայելի եւ Հայաստանի ժողովուրդները միշտ շատ մոտ ու բարեկամ են եղել եւ ունեն նման պատմություն։

«21-րդ դարում անհրաժեշտ է փնտրել մերձենալու ուղիներ»,- շեշտել է իսրայելցի դիվանագետը։