Սպանության համար մեղադրված եւ բանտարկված անձը չի կարող ազգային հերոսի կոչման արժանանալ, ասել է Հայաստանում եւ Վրաստանում Իսրայելի նախկին դեսպան Բեն Ներիա Բարուխը՝ մեկնաբանելով հայ սպային կացնահարած մարդասպանին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելը եւ հայրենիքում նրա հերոսացումը: Դեսպանը մասնակցում է Երեւանում նոյեմբերի 29-ին մեկնարկած «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով ամենամյա միջազգային ֆորումին:
«Ռամիլ Սաֆարովի հարցը շատ տհաճ է: Հունգարիայում տեղի ունեցածն իրոք բարդ եւ տհաճ իրավիճակ էր: Հաջորդեց շատ պետությունների արձագանքը: Սպանության համար մեղադրված եւ բանտարկված անձը չի կարող ազգային հերոսի կոչման արժանանալ», - ասել է դիվանագետը:
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատեցին եւ մեծարեցին իբրեւ ազգային հերոսի: Նույն օրը Հայաստանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Սաֆարովի գործի վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան մարմիններին, այս դեպքում՝ արդարադատության նախարարությանը, կարգադրել էր անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել միջազգային դատական ատյաններ դիմելու համար:





























