Հայաստանը Եվրամիության հետ հեշտացված վիզային ռեժիմ կունենա 2013-ի կեսերից: Այդ մասին հայտնել է Ժոզե Մանուել Բարոզուն:
Վիզային եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ ԵՄ-ի եւ Երեւանի բանակցությունները, որոնք սկսվել էին այս տարվա փետրվարին, ավարտվել են ռեկորդային կարճ ժամանակահատվածում եւ նախաստորագրվել հոկտեմբերին: Բարոզուի խոսքով՝ ԵՄ քաղաքացիներին կարճաժամկետ վիզաների տրամադրումը Հայաստանի կողմից դադարեցնելը կնպաստի փոխադարձ տեղաշարժերին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ կարծում է, որ «Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները 2012թ. ավելի են աշխուժացել»: 2012 թ. հուլիսից խոր եւ համակողմանի ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների երեք փուլ է անցկացվել:
«Լավ առաջընթաց է ձեռք բերվել ասոցիացիաների մասին համաձայնագրի եւ Հայաստանի տնտեսական ինտեգրման բանակցություններում», - նշել է Բարոզուն:




























