Թուրքմենստանում հաջորդ տարի Հայաստանի օրեր կանցկացվեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցում ասել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Բարձր գնահատելով Հայաստանում կայացած բանակցությունները՝ Թուրքմենստանի նախագահը հաստատել է, որ տարեցտարի երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են: Կողմերը մտադիրը են շեշտը դնել առեւտրատնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացման վրա: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ կողմերն ակտիվ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Այդ համատեքստում նա նշել է մի շարք հարցերում Թուրքմենստանի չեզոք դիրքորոշումը եւ Հայաստանի աջակցությունը թուրքմենական կողմի նախաձեռնություններին:
Թուրքմենական պետության ղեկավարն ընդգծել է երեք տարի առաջ հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարեւորությունը: Միաժամանակ նա հայտնել է, որ իր երկրում անցկացվում է սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագիր, եւ Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերի զարգացումը գրավիչ է Թուրքմենստանի համար: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նաեւ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում անձնական ավանդի համար: «Բանակցությունները շատ լավ են անցել՝ փոխըմբռնման եւ վստահության մթնոլորտում», - նշել է Թուրքմենստանի նախագահը:





























