WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը թոքերի քրոնիկական հիվանդություն ունի, որը ցանկացած պահի կարող է սրվել: Նա պարբերաբար բժշկական հետազոտություն է անցնում, պատմել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան Անա Ալբանը, գրում է The Guardian-ը:

Ըստ դիվանագետի՝ Էկվադորի  դեսպանատունը, որտեղ գտվում է Ասանժը, վճարում է բժշկական ծախսերը: Դիվանագիտական առաքելության աշխատակիցները պայմանավորվել են բժիշկների պարբերական այցերի մասին, հավելել է նա, գրում է BFM.RU-ն:

Նախորդ  ամիս Էկվադորը դիմել էր բրիտանական իշխանություններին՝ Ասանժին անարգել հիվանդանոց գնալու թույլտվության խնդրանքով, եթե նման անհրաժեշտություն ծագեր:

Այս շաբաթ WikiLeaks-ի հիմնադիրը ԱՄՆ-ին մեղադրել էր բանկային քարտերը սպասարկող եվրոպական ընկերություններին ճնշելու համար, որի հետեւանքով կայքին արված  ավելի քան  50 միլիոն դոլարի նվիրատվությունն արգելափակվել էր:

Ասանժը քաղաքական ապաստան է ստացել Էկվադորում, սակայն չի կարող լքել դեսպանատան տարածքը, քանի որ բրիտանական իշխանությունները սպառնում են անմիջապես ձերբակալել:  Մեծ Բրիտանիան մտադիր է Ասանժին հանձնել Շվեդիային, որտեղ  նրան մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ: