Ամերիկյան PowerBall վիճակախաղի պատմության մեջ ռեկորդային 579,9 միլիոն դոլարի ջեքփոթի մրցանակակիր է դարձել երկու մարդ:

Երջանիկների անունները չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ տոմսերից մեկը գնվել է Միսուրի նահանգում, մյուսը՝ Արիզոնայում:

Ուշագրավ է, որ առաջին հինգ թվերը կարողացել են գուշակել միանգամից 66 մարդ: Նրանցից 58-ը կստանան մեկական միլիոն դոլար, իսկ ութը՝ երկուական միլիոն, հայտնել են կազմակերպիչները: 

Իսկ հաղթողները կարող են 327 միլիոն դոլարն ստանալ միանգամից  կամ էլ մաս-մաս՝ 29 տարվա ընթացքում: Հարկերի վճարումից հետո շահույթը կկրճատվի: Միանվագ վճարման դեպքում վերջնական գումարը կկազմի ընդամենը 251 միլիոն դոլար, հայտնում է NEWSru.com-ը:

Վիճակախաղի ավարտից մեկ ժամ առաջ տոմսերը վաճառվել են րոպեում 131 հազար հատ հարաբերակցությամբ: Արդյունքում նախօրեին խաղարկվող գումարը հասել էր 579,9 միլիոն դոլարի:  PowerBall-ի համար դա ռեկորդային ցուցանիշ էր: