Նախկինում այրված Արդարադատության նախարարության շենքի փոխարեն, առաջիկայում կսկսվի վարչական շենքերի նոր համալիրի կառուցում, որտեղ կտեղակայվեն երեք նախարարություններ: Այս մասին նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:
Այդտեղ կտեղակայվեն Արտաքին գործերի, Էներգետիկայի եւ Արդարադատության նախարարության շենքերը: Առաջին գծի վրա նախատեսվում է Արտաքին գործերի նախարարության շենքը, ետեւի պլանում կլինի եւս երկու շենք, որտեղ նախատեսվում է տեղակայել Արդարադատության եւ էներգետիկայի նախարարության շենքերը:
Առաջին գծի վրա կառուցվելիք շենքը կլինի վեց հարկանի, իսկ ետեւինը՝ ինը հարկանի: Գլխավոր ճարտարապետի խոսքով՝ այս շենքերի միջոցով զգալիորեն կբարելավվի այս երեք նախարարությունների պայմանները, մասնավորապես՝ դրանք կզբաղեցնեն ավելի մեծ տարածքներ, քան նախկինում էր: Նարեկ Սարգսյանն ասաց, որ այդ նախարարությունների շենքերը անհարմար են, ներսում տարածքները ռացիոնալ չեն օգտագործված, ծառայողական մուտքեր չկան, տարրական պայմաններ չկան եւ դրանք բնավ հարմարեցված չեն իբրեւ նախարարության շենքեր: Այս շենքը ավարտուն տեսք կունենա շինարարության սկսվելուց հետո 2,5 տարվա ընթացքում: Իսկ թե ինչ կլինի Տարածքային կառավարության նախարարության հետ, նա նշեց, որ այդ շենքը մեծ մակերես չի զբաղեցնում, «երբ կկառուցվի այս նոր համալիրը, խոսք կլինի տեղափոխման մասին,այդ ընթացքում ՏԿՆ-ի խնդիրը կլուծվի»:
Այս նոր շենքային համալիրը կառուցվելու է «Սեւան» հյուրանոցի հարեւանությամբ, մի քանի անգամ հանդիպել են «Սեւան» հյուրանոցի սեփականատերերի հետ, քննարկել այդ տարածքի կառուցապատման խնդիրները, մշակվել են կառուցապատման նախագիծ, հիմնական չափորոշիչները, բարձրությունները: «Համոզված եմ, որ արդարադատության նախարարության նախկին շենքի տարածքի շինաշխատանքներին զուգահեռ կսկսվեն աշխատանքներ «Սեւան» հյուրանոցի տարածքում»,- ասաց նա: Այդ տարածքում մեքենաների կայանման խնդիրը լուծվելու է Շահումյանի եւ Հանրապետության հրապարակներում ստորգետնյա հարկերով ավտոկայանատեղիների կառուցմամբ:





























