Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը: Արթուր Բաղդասարյանի եւ Դմիտրի Բեզդելովի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել լայն կազմով հանդիպում, որից հետո այցի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն:
Դմիտրի Բեզդելովն իր գոհունակությունն է հայտնել իր` Հայաստան կատարած այցի արդյունքներից եւ շնորհակալություն հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ջերմ ընդունելության եւ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նա իր խոսքում մասնավորապես նշել է. «Մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր, որոնք նախանշվել էին Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի՝ Հայաստան եւ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի Մոսկվա կատարած այցերի ընթացքում: Մենք պատրաստել ենք Հայաստանում «Ռոսգրանիցա» պետական գործակալության ներկայացուցչության բացմանն առնչվող միջոցառումների ցանկը, կազմել ենք ներկայացուցչության բացման ճանապարհային քարտեզը եւ այն ծրագրերի շրջանակը, որոնք պետք է լուծենք մինչեւ հաջորդ տարվա վերջ: Գործնականում ամեն ինչ նախապատրաստվել է, միայն պետք է հստակ իրականացնենք այն ծրագրերը, որոնք պլանավորել ենք»:
Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նշեց.
«Մենք բավականին արդյունավետ աշխատեցինք եւ 2013թ.-ից Հայաստանում կգործի Ռուսաստանի Դաշնային այս խոշորագույն գործակալության ներկայացուցչությունը, որը հնարավորություն կտա լուրջ աշխատանքներ իրականացնել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ողջ երկայնքով: Սա նշանակում է ՀՀ անվտանգության մակարդակի էական բարձրացում: Սա նշանակում է խոշորագույն ծրագրեր, որոնք վերազինելու եւ արդիականացնելու են ՀՀ պետական սահմանները: Մենք ստորագրված արձանագրությամբ սահմանեցինք ճանապարհային քարտեզ, թե ինչ պետք է անենք առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, որից հետո ձեռնամուխ կլինենք կոնկրետ ծրագրերի իրականացմանը: Մենք աշխատում ենք համաձայն ՀՀ եւ ՌԴ Անվտանգության խորհուրդների տարեկան ծրագրի` փուլ առ փուլ իրականացնելով բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու գերատեսչությունների միջեւ»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:





























