Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ-ի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը։
«Ղարաբաղի հարցերով զբաղվում են մի քանի ինստիտուտներ, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այդ պատճառով, մենք համարում ենք, որ ՀԱՊԿ-ի միջամտությունը նպատակահարմար չէ եւ հակաարդյունավետ»,- ասել է Բորդյուժան newizv.ru-ին։
ՀԱՊԿ-ի եւ Հայաստանի գործակցության մասին Բորդյուժան նկատել է. «Բոլոր խնդիրների քննարկման եւ լուծման օպերատիվության օրինակ է մեր համագործակցությունը։ Դրան հատկապես նպաստում է ՀԱՊԿ Քարտուղարության եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի սերտ համագործակցությունը։ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությունների եւ ջանքերի շնորհիվ Հայաստանում ստեղծվում են Ռուսաստանի հետ համատեղ մի շարք ձեռնարկություններ ռազմաարդյունաբերական ոլորտում, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի նորոգման կենտրոններ։ Հայաստանում ստեղծվել եւ հաջողությամբ գործում է ՀԱՊԿ Տեղեկատվական կենտրոնը»։
Լուսանկարը՝ NEWS.am-ի





























