Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի Երեւանում կայացած բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն։

«Բարեկամության, փոխադարձ վստահության եւ լիակատար փոխըմբռնման մթնոլորտում պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ համագործակցության վիճակը եւ զարգացման հեռանկարները, կարծիքներ փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնեցին հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ:

Նախագահները քննարկեցին ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների եւ ստորագրված երկկողմ փաստաթղթերի կատարման ընթացքը, ընդգծեցին միջպետական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան` հիմնված իրավահավասարության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց հետաքրքրությունները հաշվի առնելու սկզբունքների վրա:

Կողմերը վերստին հաստատեցին, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները ստեղծել են ամուր հիմք քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային եւ հումանիտար համագործակցության տարբեր ոլորտներում երկկողմ կապերի հետագա ընդլայնման համար:

Միջազգային արդիական հարցերի շուրջ մտքեր փոխանակելիս, Նախագահները հաստատեցին համաշխարհային քաղաքականության առավել կարեւոր հարցերի շուրջ երկու պետությունների դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնելը, ինչպես նաեւ ընդգծեցին Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի երկուստեք ձգտումն աջակցելու տարածաշրջանային եւ միջազգային մասշտաբներում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը:

Այս համատեքստում պետությունների ղեկավարներն ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում եւ առաջին հերթին Միավորված Ազգերի Կազմակերպությունում երկու երկրների ջանքերի եւ փոխգործակցության համակարգման անհրաժեշտությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունեցին համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունն այնպիսի անդրսահմանային վտանգների դեմ պայքարում, ինչպիսիք են` ահաբեկչությունը, կրոնական ծայրահեղականությունը, կազմակերպված հանցավորությունը եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նախագահներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունները խթանելու, համագործակցության տարբեր ձեւերի զարգացման, համագործակցության հեռանկարային ուղղությունների որոնման, երկկողմ քաղաքական խորհրդատվությունների փորձառության կատարելագործման անհրաժեշտությունը:

Քննարկելով առեւտրատնտեսական կապերին վերաբերող հարցերը` Նախագահները նշեցին այդ ոլորտում փոխգործակցության կարեւորությունը եւ հավասարության, փոխշահավետության եւ միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա երկու պետությունների միջեւ տնտեսական գործակցության ամրապնդման եւ ընդլայնման գերակայությունը:

Այդ կապակցությամբ Նախագահները հաստատեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարեւորությունը եւ նշեցին երկու երկրների առկա ներուժի ու հնարավորությունների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` երկկողմ համագործակցության խորացման եւ ընդլայնման նպատակով:

Կանգ առնելով տնտեսական ոլորտում հայ-թուրքմենական փոխգործակցության կարեւորագույն գերակայությունների վրա` երկու երկրների Նախագահները դրանց թվում նշեցին էներգետիկան, տրանսպորտը, տեքստիլ արդյունաբերությունը եւ առեւտուրը: Ընդգծվեց նաեւ գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական արտադրանքի արդյունաբերական մշակման ոլորտներում առավել սերտ կապեր հաստատելու անհրաժեշտությունը:

Նախագահները պատրաստակամություն հայտնեցին փոխադարձաբար Հայաստանի Հանրապետությունում եւ Թուրքմենստանում անցկացնել երկու պետությունների գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ ազգային ցուցահանդեսներ, բիզնես-համաժողովներ եւ այլ միջոցառումներ:

Պետությունների ղեկավարները, նշելով հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրությունը, հաստատեցին կրթության, գիտության, մշակույթի եւ արվեստի ոլորտներում հայ-թուրքմենական համագործակցության հետագա ամրապնդման կարեւորությունը:

Կողմերը երկուստեք շահագրգռվածություն արտահայտեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ տարբեր մակարդակներում մշտական հիմունքով խորհրդատվությունների անցկացման առնչությամբ:

Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ ընդգծեցին, որ կայացած կառուցողական եւ արդյունավետ բանակցությունները, ինչպես նաեւ այցի ընթացքում ստորագրված երկկողմ փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության եւ Թուրքմենստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների եւ փոխշահավետ գործընկերության հետագա ամրապնդմանը:

Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, ողջ հայ ժողովրդին` իրեն եւ թուրքմենական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ, բարեկամական ընդունելության եւ հյուրընկալման համար եւ Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրեց պաշտոնական այցով Թուրքմենստան` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվեց գոհունակությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»: