Տարածաշրջանային անվտանգության ցանկացած մոդել պետք է նկատի ունենա Լեռնային Ղարաբաղի գործոնը: Այդ մասին Երեւանում նոյեմբերի 29-ին մեկնարկած երկօրյա «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով ամենամյա միջազգային ֆորումում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր ձեռնարկել խաղաղ գործընթացը անբեկանելի դարձնելու, նաեւ՝ հրադադարի ռեժիմն ամրապնդելու ուղղությամբ:  Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկա միջնորդական ձեւաչափի ներուժը սպառված չէ, սակայն անհրաժեշտ է բանակցային գործընթացում ապահովել պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը:

«Ադրբեջանը շարունակում է իր ավանդական քաղաքականությունը, որը հիմնված է ուժի կիրառման սպառնալիքի վրա: Բաքուն նաեւ կոպտորեն խախտում է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու իր ստանձնած  պարտականությունը», - ընդգծել է Կարեն Միրզոյանը: Ներկաներին հիշեցնելով, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է, Կարեն Միրզոյանը նշել է, որ ԼՂՀ-ի ներկայիս կարգավիճակը պետք է չխոչընդոտի համագործակցությանը: