Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը (ՀՄՔՏ) մեղադրականի բոլոր կետերով արդարացրել է Կոսովոյի նախկին վարչապետ եւ  «Կոսովոյի ազատագրական բանակի» նախկին հրամանատար Ռամուշ Խարադինային: 

Ըստ մեղադրող կողմի՝ Խարադինայը եւ նրա հանցակիցները մեղավոր են բազմաթիվ սպանությունների, խոշտանգումների, դաժան վերաբերմունքի, ինչպես նաեւ պատերազմի օրենքների եւ կանոնների խախտման մեջ: 

Մեղադրյալը, մասնավորապես, մեղադրվում էր Յաբլանիցա գյուղում ճամբարի հիմնադրման համար, որտեղ խոշտանգում էին բանտարկյալներին: Այդ կենտրոնի բանտարկյալները քաղաքական անձինք են եղել, որոնց կասկածել են սերբական իշխանությունների հետ համագործակցության մեջ:  Մարդկանց պահել են 16 քմ տարածք ունեցող շինություններում եւ Յաբլանիցայի տներից մեկի  ջրով հեղեղված նկուղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի դատախազները կողմ էին արտահայտվել Խարադինային 20 տարով ազատազրկելուն: «20 տարվա բանտարկությունը վերջին դատավճիռն է, որը պետք է նրա նկատմամբ կայացվի», - հայտարարել է քննիչ Փոլ Ռոջերսը քաղաքական գործչի վերաբերյալ գործի կրկնակի լսումների ժամանակ, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Դատական պալատը համարել է, որ Յաբլանիցայում իրոք կատարվել են հանցագործություններ, սակայն մեղադրյալը դրանց համար պատասխանատու չէ: Մասնավորապես, ըստ դատավորների, դատախազությունը չի կարողացել ապացուցել, որ Խարադինայն իմացել է այդ հանցագործությունների մասին: 

Հիշեցնենք, որ 2008 թ.  ապրիլին Հաագայի միջազգային դատարանը նույնպիսի արդարացնող դատավճիռ էր կայացրել Կոսովոյի նախկին վարչապետի նկատմամբ:

2010 թ. հուլիսին արդարացնող դատավճիռը հետտաձգվել էր այն հիմնավորմամբ, որ վկաներին վախեցրել էին: 2011թ. օգոստոսին ՀՄՔՏ-ն սկսել էր Խարադինայի գործի կրկնակի լսումները: