Այսօր՝ նոյեմբերի 29-ին, հայ կոմունիստները նշում են Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 92-րդ տարին: Նրանք ծաղիկներ են դրել Խորհրդային Հայաստանի կառավարության առաջին ղեկավար Ալեքսանդր Մյասնիկյանի եւ Բաքվի կոմունայի ղեկավար, Լենինի մտերիմ զինակից Ստեփան Շահումյանի հուշարձաններին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հին կոմունիստ Վլադիմիր Բեգոյանը նշեց. «Լավ հասկանալով Կոմկուսի դերն ու նշանակությունը եւ հարգելով մեր անցած ճանապարհն այդ կուսակցության շարքերում, հավատը կոմկուսի հանդեպ չի վերանում: Մենք բոլոր կոմունիստական միջոցառումների ժամանակ միշտ հիշում, նշում, ողջունում եւ խորապես գնահատում ենք բոլոր այն քայլերը, որոնք ձեռնարկվում են ժամանակ առ ժամանակ»:

Իսկ երիտասարդ կոմունիստ Արթուր Իգիթյանը նշեց, որ կոմունիստների ժամանակ Հայաստանի բնակչությունն ավելացել է 5 անգամ: Նրա խոսքով, բնակչության աճը սոցիալիստական գաղափարների նշանակության գլխավոր ցուցանիշն է:

Տեղի է ունեցել նաեւ հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Երեւանի եւ մարզերի կոմունիստները: Այնտեղ զեկույցով հանդես է եկել Կոմկուսի կենտկոմի երիտասարդական քաղաքականության հարցերով քարտուղար Երջանիկ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ 1920 թվականի նոյեմբերի 29-ին հայ կոմունիստները օգնության խնդրանքով դիմել են Խորհրդային Ռուսաստանին, որից հետո 11-րդ կարմիր բանակը մտել է Հայաստան եւ վերջ դրել անկախ Հայաստանի գոյությանը: Հայաստանն իր անկախությունը կարողացել է վերականգնել միայն 71 տարի անց, 1991 թվականին: