Ուկրաինայում «ակտիվորեն պատրաստվում են» աշխարհի վերջին՝ դեկտեմբերի 21-ին. համացանցում արդեն վաճառվում են դրախտի եւ դժոխքի տուրեր՝ դեկտեմբերի 21-ի համար: Դրանք կարելի է գնել ինչպես ամբողջ գնով, այնպես էլ՝ զեղչով, ընդ որում դժոխքում աշխարհի վերջը դիմավորելն ավելի թանկ է: Տոմսեր վաճառողներն ասում են, որ դժոխքում, իրենց կարծիքով, ավելի ուրախ է լինելու:

Ակցիայի կազմակերպիչներն ասում են, որ խոստանում են վերադարձնել տոմսի գումարը, եթե գնորդը չհայտնի դրախտում կամ դժոխքում: Նրանք հստակեցնում են, որ ակցիան նախատեսված է միայն լավ տրամադրության համար՝ գնորդը հուշանվեր-սերտիֆիկատով նամակ կստանա, որը կհաստատի, որ գնորդի անունը ներառված է «Լույսի գրքում» կամ «Սատանայի ցուցակներում»: Տոմսեր գնողներին երաշխավորում են թռիչք դեպի դրախտ (որպեսզի չբարձրանան աստիճաններով) կամ ազատ անկում դեպի դժոխք եւ ազատ տեղաշարժվելու հնարավորություն այնտեղ:

Մեկ այլ կայք առաջարկում է աշխարհի վերջի հավաքածուներ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար: Հավաքածուում ներառվում են դանակ, չորահաց, արագ պատրաստվող վերմիշել, պահպանակներ, շամպուն, օճառ, սանր, չոր վառելիք, պարան, լապտերիկ եւ լուցկի: Երեխաների համար նախատեսված հավաքածուն ներառում է տակաշորեր, շոկոլադ, ջուր, քաղցրաբլիթ, յոդ եւ զելյոնկա, հյութ, խաղալիք եւ այլն: