Մոսկվայի Զամոսկվորեցկյան դատարանն, այսօր՝ նոյեմբերի 29-ին, քննել է դատախազության հայցը՝ ծայրահեղական ճանաչել Pussy Riot փանք-խմբի տեսահոլովակները, այդ թվում Քրիստոս փրկչի եկեղեցում «փանք-աղոթքի» տեսահոլովակը: Դատարանը համաձայնել է դատախազության հիմնավորումների հետ եւ տեսահոլովակը ծայրահեղական է ճանաչել:
Դատարանի վճռի ուժի մեջ մտնելուց հետո պետք է արգելափակվի այդ տեսահոլովակների մուտքը համացանց:
Եկատերինա Սամուցեւիչը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի այդ որոշումը: Այն կարող է բողոքարկվել եռօրյա ժամկետում, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Նախնական լսումների ժամանակ, դատավոր Մարինա Մուսիմովիչը մերժել է փանք-խմբի անդամ Եկատերինա Սամուցեւիչին ճանաչել որպես այդ գործով շահագրգիռ անձ, որի հետեւանքով նրա վերաքննիչ բողոքը կարող է մերժվել:
Օգոստոսի 17-ին Մոսկվայի Խամովնիչյան դատարանը Pussy Riot-ի երեք անդամներին՝ Նադեժդա Տոլոկոննիկովային, մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սումացեւիչին, մեղավոր է ճանաչել «խուլիգանության» հոդվածով: Խմբի աղջիկները Քրիստոս փրկչի եկեղեցում «փանք-աղոթք» էին կազմակերպել: Նրանք դատապարտվել են երկուական տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, սակայն ավելի ուշ աղջիկներից մեկի՝ Սամուցեւիչի նկատմամբ դատավճիռը փոխվել էր եւ նա պայմանական ազատ էր արձակվել:











