Ադրբեջանում «չարտոնված» ցույցերի պատժի խստացումը եւ Բաքվի կենտրոնում բողոքի ակցիաներ անցկացնելու ամբողջական արգելքը սպառնում են երկրում կարծիքի արտահայտման եւ հանրահավաքների ազատությանը: Այդ մասին Բաքու կատարած այցից հետո հայտարարել են Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ Պեդրո Ագրամունթը եւ Ջոզեֆ Դեբոնո Գրեխը:

Համազեկուցողներն այցի ընթացքում գնահատել են երկրի առաջընթացը ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտականությունները կատարելիս, հայտնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը:

ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել  նաեւ Ադրբեջանի քրեական եւ վարչական օրենսգրքերում վերջին փոփոխությունների կապակցությամբ: 

Բացի դրանից,  համազեկուցողներին անհանգստացնում է ձերբակալված քաղբանտարկյալների  թիվը: Նրանք իշխանություններին կոչ են արել օգտագործել բոլոր լծակները բանտարկյալներին ազատելու համար: