Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին հայտնել է, որ էր վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահն ուրախացրել էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին: Այդ մասին նոյեմբերի 29-ին լրագրողներին է հայտնել նրան այցելած փաստաբան Իրմա Չկադուան:

Նրա խոսքով՝ Օքրուաշվիլին զրույցում պատմել է մի դրվագ: «Երբ ես իմացա Ժվանիայի մահվան մասին, գնացի Սահակաշվիլիի մոտ եւ տեսա, որ նա նստած է՝ գլուխը ձեռքերին հենած: Ես կարծեցի, թե հուզված է, եւ լռում էի, սակայն նա բարձրացրեց գլուխը եւ ասաց ինձ. «Ինչպիսի ժանտախտից մենք ազատվեցինք», ինչն ինձ ապշեցրեց», - պատմել է նա:

Փաստաբանը կարծում է, որ Օքրուաշվիլիի պատմածը պետք է որ հետաքրքրի քննությանը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Վրաստանի նախագահի նախկին համախոհ Իրակլի Օքրուաշվիլին 2007թ. երկրի պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարվելուց հետո երկրի բարձրաստիճան ղեկավարության դեմ մեղադրանքներ էր ներկայացրել: Դրանից երկու օր անց Օքրուաշվիլին ձերբակալվել էր կաշառակերության մեղադրանքով: Նա ազատվել էր 6,5 միլիոն դոլար գրավի դիմաց, իսկ հետագայում նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: 2008թ. ապրիլին Օքրուաշվիլին քաղաքական ապաստան էր ստացել  Ֆրանսիայում: 2008թ. մարտի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել էր  11 տարվա ազատազրկման:

Վրաստանում իշխանափոխությունից հետո՝ 2012 թ. նոյեմբերի 20-ին, Օքրուաշվիլին երկիր էր վերադարձել եւ անմիջապես ձերբակալվել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում եւ  տեղափոխվել Գլդանի №8 բանտ:

Ավելի վաղ վրացական լրատվամիջոցներն արդեն գրել էին, որ Օքրուաշվիլիի վերադարձը կապված է Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննության հետ: Հաղորդվել էր, որ պաշտպանության նախկին ղեկավարին բերել են Ժվանիայի գործի կապակցությամբ, եւ դա նոր իշխանությունների հետ համաձայնեցված է եղել: