Հայ գինեգործները շուրջ հազար տոննա տեխնիկական նռան կարիք ունեն՝ գինի պատրաստելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է հայ գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով, արտասահմանյան շուկաները, մասնավորապես ռուսաստանյանը, մեծացրել են նռան գինու օգտագործումը: «Մրգային գինիներ արտադրողները հումք են փնտրում, որպեսզի բավարարեն այդ պահանջարկը»,-հայտարարել է Ավագ Հարությունյանը, հավելելով, որ դրա հետ կապված նրանց համար մեծ կարեւորություն են ստանում նուռ աճեցնելու համար հարմար գոտիները՝ մերձարեւադարձային Մեղրին, ինչպես նաեւ Ղարաբաղը:

«Աշխարհում աճում է նռան հետ կապված ամեն ինչ՝ թեյ, հյութ, գինի, որից էլ աճում է պահանջարկը նռան գինու նկատմամբ»,-պարզաբանել է նա:

Մրգային գինիներ արտադրող «365 Wines» ընկերությունում NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ իրենց ընկերությունը բարդություններ չունի, քանի որ նախորդ տարվանից նռան գինի է պահեստավորել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանում առկա պահանջարկին, նախորդ տարվա համեմատ այն աճել է մոտ 30 տոկոսով: