Ֆրանսիական ոչ մեծ քաղաքի ղեկավարն սկսել է սպանելու սպառնալիքներով լի նամակներ ստանալ՝ արհետսագործներին եւ առեւտրականներին վերաբերող հարկի ներդրումից հետո:

Ինչպես հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ն, Լուարայի դեպարտամենտում մի քանի պաշտոնյաներ անանուն նամակներ են ստացել: Սեն Շամոնի քաղաքապետ Ֆիլիպ Կիզիրյանը մահվան սպառնալիքով նամակ է ստացել: Սպառնալիքի պատճառն, ըստ ամենայնի,  հարկատեսակի ներդրումն է, որը վերաբերում է արհեստագործներին ու առեւտրականներին, որոնք, հնարավոր է, 300 տոկոսով ավելի շատ վճարեն:

«Ինչպես Կորսիկայում, որոշ պաշտոնատար անձինք կսպանվեն: Այնպես որ աջ ու ձախ նայեք երբ տուն եք գնում»,-ասված է քաղաքապետին ուղղված անանուն նամակում:

Նշենք, որ Ֆիլիպ Կիզիրյանը 2008-ի մարտից Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի ղեկավարն է, որի բնակչությունը 36 հազար է:

Կիզիրյանն ամուսնացած է, ունի երեք երեխա: 2010-ի հուլիսին նա ընտանիքով այցելել է Հայաստան: