Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնվել է Ռուսաստանի 2012 թվականի ամենա ոչ ազդեցիկ տղամարդկանց ցանկում, ըստ GQ ամսագրի: Մեդվեդեւը ցուցակի վերջին տեղում է, իսկ առաջին տեղում ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովն է: Ամսագիրը Մեդվեդեւին համարում է մարդ, «ով չկարողացավ ազդել որեւէ բանի վրա, թեեւ կարող էր շատ բան անել»:

Բացի ՌԴ վարչապետից, քաղաքական գործիչներից այդ ցանկում են հայտնվել Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը եւ «Ռոսմոլոդյոժ»-ի նախկին ղեկավար Վասիլի Յակեմենկոն:

Ամենա ոչ ազդեցիկ տղամարդկանց ցուցակում են նաեւ Pussy Riot փանք-խմբի դատապարտված անդամների դատապաշտպաններ Մարկ Ֆեյգինը եւ Նիկոլայ Պոլոզովը, բլոգեր Իլյա Վառլամովը, հաղորդում է РБК daily-ն:

Բացի այդ, վարկանիշում են հայտնվել ֆուտբոլիստներ Իգոր Դենիսովն ու Ալեքսանդր Կերժակովը, դերասան Սերգեյ Բեզռուկովը, «Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերության վերջերս հրաժարական տված ղեկավար Յուրի Ուրլիչիչը, ինչպես նաեւ օլիգարխ Բորիս Բերեզովսկին:

Պարբերականը նշում է, որ Բերեզովսկին «ոչ միայն չկարողացավ այս տարի տապալել Ռուսաստանի պետական կարգը, այլեւ դատարանում հաղթել իր նախկին ընկեր Ռոման Աբրամովիչին»: