Հայ բեռնափոխադրողները Վրացական սահմանին ստուգումների հարցով Հայաստանի բեռնափոխադրողների միությանը չեն դիմել:
Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ Մակար Առաքելյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ դեռեւս նման խնդրանքներ միությունը չի ստացել: «Նորություններ չունենք: Մենք նախկինում էլ նշել էինք, որ խնդիրը կարող է լինել բեռնատարների գերբեռնվածությունը, հարցեր կարող էր հարուցել բեռնատարի վրա տեղադրված վառելիքի լրացուցիչ բաքը: Տեղափոխվող բեռան անհամապատասխանություն, մեր տեղեկություններով, պետք է որ չլիներ», – պարզաբանել է Մ. Առաքելյանը:
Հիշեցնենք, Մ. Առաքելյանը նախկինում հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից վրացական սահմանի մաքսային ծառայությունները սկսել էին ավելի խիստ ստուգել տեղափոխվող բեռների քաշը: Հայտարարագրված քաշի եւ իրական քաշի տարբերության դեպքում բարձր տուգանքներ էին կիրառվել: Նման միջոց նախկինում էլ էր գործել, սակայն ոչ նման խստությամբ: Նոյեմբերի 27-ին Վրաստանի Սադախլո մաքսակետում այդ ստուգումը չէին անցել հայկական մի քանի բեռնատարներ:
«Տեղյակ չեմ, թե տեղում ինչպես է կարգավորվել իրադրությունը, չեմ կարող ասել: Լուծում գտնելու խնդրանքով մեզ դեռեւս չեն դիմել»,- հավելել է Մ. Առաքելյանը:




























