Երեւանում հունվարի 27-ին տեղի է ունեցել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան երկրորդ հանդիպումը:
Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ հայկական կողմից աշխատանքային հանդիպմանը մասնակցել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ռուսականից` ՌԴ տրանսպորտի նախարարության երկաթուղային տրանսպորտի պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Տուգարինովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ, իսկ իրանական կողմից՝ Իրանի Իսլամական հանրապետության ճանապարհների եւ տրանսպորտային հաղորդակցության փոխնախարար Մաջիդ Ասադին եւ պաշտոնատար այլ անձիք:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները: Հ.Բեգլարյանը տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկը երկաթուղու նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների համար արդեն տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, եւ ապրիլին կհայտարարվի այդ աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության միջազգային մրցույթ: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները: Նշվել է նաեւ, որ ավստրիական ilF ընկերությունն արդեն կատարել է Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական ուսումնասիրման նախնական աշխատանքները:
Իրանի փոխնախարար Մ.Ասադին տեղեկացրել է, որ իրենք արդեն ավարտել են Իրան-Հայաստան երկաթգծի` Իրանի տարածքում մոտ 60 կմ կառուցվելիք հատվածի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները: Ըստ Մ.Ասադիի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դեպքում, իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել իրանական հատվածը:
Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների ավարտից հետո, Երեւանում:




























