Նոյեմբերի 29-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությունը, որն ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Մայր աթոռի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն նշել է, որ երկու երկրների հարաբերություններն առանձնանում են յուրահատուկ ջերմությամբ ու եղբայրության ոգով:

Նա մասնավորապես ուրախություն հայտնել է Նիկոլայ Ռիժկովի այցի համար` ընդգծելով, որ վերջինս տասնամյակներ շարունակ իր ջանքերն է ներդնում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու երկրների համագործակցության առավել արդյունավորման համար: Այս առիթով Գարեգին Բ-ն հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Ռիժկովին` հայ ժողովրդին մատուցած բարի ծառայությունների համար` ընդգծելով 1988 թ. երկրաշարժի օրերին նրա զորակցությունը Հայաստանին եւ կարեւոր ներդրումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում:

Տիար Նիկոլայ Ռիժկովն իր հերթին ընդգծել է Ս. Էջմիածին այցելության կարեւորությունը, ապա անդրադարձել երկու երկրների, ժողովուրդների եւ եկեղեցիների միջեւ առկա հարաբերություններին: Ռիժկովը վերհիշել է նաեւ երկրաշարժի օրերին իր հանդիպումը երջանկահիշատակ Վազգեն Ա ամենայն հայոց հայրապետի հետ:

Հանդիպման ավարտին Գարեգին Բ-ն մաղթել է, որ Երկնավոր Տերն իր օրհնության ներքո պահի ու պահպանի երկու բարեկամ ժողովուրդներին եւ բարի արդյունքներով արգասավորի նրանց համագործակցությունը: