Ֆրանսիայի ոստիկանությունը շարունակում է BMW մակնիշի մեքենայի եւ նրա մոտ գտնվող անձանց որոնումները, որոնցից մեկը Վյեննա դեպարտամենտի Շատերլո քաղաքում, օրը ցերեկով կրակել է հայ անցորդի վրա: Վերջինս կենդանի է մնացել:
Ինչպես հաղորդում է ֆրանսիական «La Nouvelle Republique»-ը, Պուատյեի ոստիկանության աշխատակիցները, որոնք քննում են այս գործը, հարցաքննում են վկաներին, ուսումնասիրում տուժածի հայտարարությունը, ով գտնվում է հիվանդանոցում, նաեւ հետազոտում են դեպքի վայրում հայտնաբերված հանցանշանները: Մնում է պարզել մահափորձի դրդապատճառը՝ դրամական պարտք, ապօրինի առեւտուր կամ կավատություն:
Տուժածի անունը դեռ հայտնի չէ: Հաղորդվում է միայն, որ նա 39 տարեկան է եւ նա հայ է: Ոստիկանության տվյալներով, նա դատված չէ, չհաշված օտարերկրացիների մասին օրենքի խախտումը:




























