Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը խորհրդատվական ընկերության միջոցով, ներգրավելով նաեւ միջազգային փորձագետների, իրականացրել է «Հայաստանում պղնձաձուլարանի հիմնման» իրատեսականության վերլուծություն: Այդ մասին նշված է ՀՀ կառավարության եզրակացության մեջ՝ ի պատասխան 2013 թ. պետական բյուջեի վերաբերյալ պատգամավորների առաջարկությունների:
Պատգամավոր Միքայել Մելքումյանը (ԲՀԿ) 2013 թ. պետական բյուջեի նախագծի հետ կապված առաջարկություն է արել՝ նպաստել ժամանակակից պղնձաձուլական ձեռնարկության ստեղծմանը: Ըստ պատգամավորի ներկայացրած հաշվարկների՝ Հայաստանում տարեկան արտադրվում է 130 հազ. տոննա պղնձի խտանյութ եւ 10 հազ. տոննա մոլիբդենի խտանյութ:
Կառավարության պատասխանի մեջ նշված է, որ ներկայիս ծավալների պարագայում պղնձաձուլարանի կառուցումը նպատակահարմար չէ, սակայն այդ խնդրին կարելի է անդրադառնալ արտադրվող պղնձի խտանյութի ծավալների աճի դեպքում;
Նշենք, որ Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության կտրուկ աճ է նախատեսվում Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո:




























