Հայաստանի ջերմոցային տնեսության ասացիացիան մտադիր է Հայաստսանի կառավարություն շենքի առեջե նետել իրենց աճեցրած լոլիկը, եթե մինչեւ դեկտեմբերի 1-ը չկարգավորվի թուրքական լոլիկների ներկրման հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի տնօրեն Պողոս Գեւորգյանը:

Ասոցիացիան բազմիցս է արտահայտել ջերմոցային շրջանում թուրքական լոլիկի եւ վարունգի ապօրինի ներկրման դեմ: Առանց սահմանին ԱԱՀ-ի եւ մաքսային տուրքի, որը կազմում է մոտ 32%,  թուրքական բանջարեղենն ավելի էժան է ստացվում, քան հայկականը: «Եթե ձմռանը ջերմոցային լոլիկը վաճառվում է 700-800 դրանով, ապա թուրքականը` 600 դրամով:  Սակայն օրինական հարկերը վճարելու դեպքում նրանք կարժենան նույնքան, որքան մերը»,- նշեց Պ. Գեւորգյանը: Բանջարեղենը շատ պարզ եղանակով է տեղափոխվում. առաջին շարքերը բեռնվում են վրացական մանդարինով, իսկ ներքեւինը` մաքսանենգ բանջարեղենով: Ընդ որում`  մաքսավորներին նման «խորամանկությունները» հայտնի են եւ ցանկության դեպքում կարող են հեշտությամբ հայտնաբերել:

Մի քանի տարի ասոցիացիան դիմում է (այդ թվում` նախագահին)` խնդիրը կարգավորելու նպատակով, սակայն ապարդյուն: «Դիմում ենք`  մի քանի շաբաթ ամեն ինչ մաքուր է, ոչինչ չի գալիս: Սակայն ընդամենը մի քանի շաբաթ: Դիմում  ենք կրկին` պատմությունը կրկնվում է:  Այդ իսկ պատճառով որոշել ենք պարզապես կանգնել կառավարություն շենքի դիմաց եւ սպասել, մինչեւ մեզ կքշի ոստիակնությունը: Եթե պետությունը չի ցանկանում իմանել, ինչպես ենք իրացնելու մեր բերքը, ապա մենք այն կնետենք հենց նրա դռան առջեւ»,-հայտարարեց Գեւորգյանը: