«...Առաջին օրվանից ես նշել եմ, պնդել եմ, որ ծեծ, ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ.... ստորացնել մարդուն... էդ աշխատաոճը ես չեմ հանդուրժի այս համակարգում: Ծեծել չի կարելի: Դա քրեորեն հետապնդելի է»: Ոստիկանապետ Վովա Գասպարյանի այս խոսքերն է հիշեցնում «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.
«Երեկ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում 7 ոստիկանների կողմից առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկվել 31-ամյա Մհեր Անդրեասյանը, որը բերման էր ենթարկվել կողոպուտ կատարելու կասկածանքով: Այս դեպքի մասին տեղեկացրել են Անդրեասյանի հարազատները եւ փաստաբանը: Պահանջելով, որ Անդրեասյանն ընդունի իր մեղքը եւ ցուցմունք գրի, ոստիկանները նրան ոտքերով ու բռուցքներով ծեծի են ենթարկել, ապա սկսել են հարվածներ հասցնել աթոռով: Մհեր Անդրեասյանն այժմ կալանավորված է եւ շարունակում է պնդել, որ կողոպուտի հետ որեւէ առնչություն չունի:
Կատարվածից կարելի է մեկ եզրակացության անել. Վովա Գասպարյանը տեսախցիկների առաջ վերոնշյալ ելույթից հետո իր ենթականերին թաքուն «աչքով է արել», թե հանկարծ լուրջ չընդունեք: Այլ բացատրության չի կարող ունենալ մեկ ամիս անց կատարված այս գազանությունը»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























