NASA-ի ներկայացուցիչները հերքել են այն տվյալները, ըստ որոնց Curiosity մարսագնացը Մարսի մակերեւույթին օրգանական մոլեկուլներ է հայտնաբերել:
Գործակալությունում հիշեցրել են, որ Curiosity-ն իսկապես Մարսում հետազոտություններ է անցկացնում, սակայն «բեկումնային բացահայտումների մասին լուրերը եւ ենթադրությունները» չեն համապատասխանում իրականությանը, գրում է lenta.ru-ն:
Մարսում օրգանական նյութի հայտնաբերման վերաբերյալ լուրը լրատվամիջոցներում տարածվել էր NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի տնօրեն Չարլզ Էլաչիի հարցազրույցից հետո, որը ենթադրել էր, թե մարսագնացը Մարսում, հնարավոր է, օրգանական մոլեկուլներ է հայտնաբերել: Ընդ որում, նա նշել էր, որ տվյալները նախնական են եւ ստուգման կարիք ունեն:
Սպասվում է, որ դեկտեմբերի 3-ին առաքելության ղեկավարությունը Curiosity-ի աշխատանքների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ զեկույց կներկայացնի:





























