Վրաստանի ՆԳՆ-ի գլխավոր տեսչության նախկին ղեկավար Թենգիզ Գունավան, որը նախկինում մեղադրվել էր թմրանյութերի ու զենքի ապօրինի պահման մեջ եւ վեց հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվել, երկրորդ անգամ ձերբակալվել է նոր մեղադրանքով: Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Մալխազ Վելիջանաշվիլին:
Առաջին անգամ Թենգիզ Գունավան ձերբակալվել էր նոյեմբերի 16-ին: Երկրորդ անգամ Գունավային մեղադրել էին երեք հազար լիտր բենզինի յուրացման մեջ եւ մեղադրանք էին առաջադրել «պաշտոնական լիազորությունների վերազանցում» եւ «յուրացում» հոդվածների հատկանիշներով:
Վրաստանի գլխավոր դատախազությունն արդեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՆԳՆ-ի գլխավոր տեսչության նախկին ղեկավարի գործի քննությունն արդեն սկսվել է: Քննությունը նաեւ ճշտում է վառելիքի ճակատագիրը, որը պետք է կիրառվեր ծառայողական նպատակների համար, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Ավելի վաղ դատախազության նոր ղեկավարությունը քրեական գործեր էր հարուցել ՊՆ եւ ՆԳՆ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների նկատմամբ։




























